23 июн. 2016 г.

էն մտքերը

Կան մտքեր, որոնց կարիքը մենք այնքան շատ ունենք:Էտ մտքերը պլանավորված ներս մտնողներից չեն, ոչ էլ իրավիճակից դրդված ստեղծվող, այլ մի ուրիշ` ոչ հասարակ սկզբնաղբյուրից հրավիրված:Հասկանալու համար, թե ինչ մտքերի հետ եմ, պիտի գոնե ժամանակ առ ժամանակ զգաս ինչ-որ անհարմարություններ.
մաշվածությունից քրքրված շորեր
100 դրամանոցի բացակայությունից կենտրոնից տուն հասնելուց հետո ոտքերի ճնշող ցավ
փողի համար համալսարան  չընդունվելու, կամ էլ ընդունվելուց հետո համալսարանից դուրս մնալու անսպասելի իրավիճակ
չկանգնել երբեք կարմիր լույսի տակ, որովհետև կարմիրը կանգնելու ազդանշան է մեքենաների համար, իսկ դու մեքենա չունես, դու միշտ ոտքով ես
ունենալ գոնե մի քանի կիսադատարկ ստամոքսով անցկացրած օրեր
թերթերում, կայքերում,գրքերում, կամ պարզապես շուրջդ տեսնելով մարդկանց, ում համար կյանքը հնարավորությունների աշխարհ է, որտեղ նրանք ապրում են, ինչպես ամենավառ երազում
ծանր աշխատաքանքից հետո` գրպանումդ ծիծաղելի աշխատավարձով, մտնել տուն ու փռվել անկողնու վրա` հոգնությունդ ծածկոցին փոխանցելու մտադրությամբ
համակրածդ մեկին տեղ հրավիրելու հնարավորության պակաս
կամ էլ ուղղակի բաց լինես պատահականորեն օրվա ինչ-որ պահի ներս խուժող մտքերի առջև:
Եթե դու այս ամենից ոչ մեկը չես զգացել, բայց այնուամենայնիվ հետաքրքրեց քեզ ու ուզում ես իմանաս, թե ինչ մտքերի հետ եմ, ուրեմն մի օր` օրինակի համար հենց էսօր, եթե օրն արդեն վերջանում է, վատ տարբերակ չի նաև վաղը, հենց վաղվանից սկսկի`թեթևացրու գրպանդ գումարներից, ստամոքսդ` հացից, սենյակդ` ջերմությունից,ներսդ` լույսից,մատերդ`գեղեցիկ սիրուց, մոռացի նախկին վիճակին հետդարձի հնարավորությունը ու սկսի տենց շարունակական ապրել:Ու մեկ էլ կհասկանաս, որ կանգնած ես տիեզերքին ընդառաջ ու շատ հանկարծակիորեն` քեզ չսազեկան դրամատիկ ձայնով, շշնջում ես` <<Ի՞նչ ես դու կյանք>>:
Կյանքի առեխծվածը մոտենում է քեզ միայն այդպիսի պահերին, մեկ էլ զգում ես, որ առանձնացել ես մոլորակից ու տիեզերքում մի տեղ հենված` նայում ես, թե ոնց է մոլորակը պտտվում, այնպես ես զարմանում,կարծես, հենց նոր գլխի ընկար, որ առհասարակ ինքը էս ձևն ունի ու պտտվում է տիեզերքի իրեն հատկացված մասում, հետո վերադառնում ես քո սենյակ ու էտ պահից կյանքը, աշխարհը այնպիսին չի բովանդակվում քեզ համար, ինչպես նախկինում, այլևս մեքենայով ինչ-որ տեղ ճանապարհ ընկնելուց մեքենայի պատուհանից այն կողմ բացվող տեսարանները զուտ շենքերի, գործարանների կամ բնության պատկերներ չեն քո համար, ծառերը, դաշտերը բլուրները վերածնվում են նոր իմաստությամբ, իսկ դու` քեզ Տարկովսկի երևակայելով, փորձում ես էտ համընդհանուր կանաչի մեջ բեմադրական շարժեր ներկայացնել, սիմվոլներ տեղադրել այստեղ ու այնտեղ, մազերը խառնված մեկին կարգադրել, որ վազի պատուհանից այն կողմ թվացյալ անծայրածիրության մեջ, թավալվի գետնին, քսվի նոր թրջված կանաչին ու չդադարի ընթացքն դեպի այն կետի, որը գտնվում է շատ հեռվում` հազարավոր քաղաքներից, շենքերից, ծառերից ու մարդկանցից այն կողմ, որի գոյությունը կարծես մինչև այս երբեք քո ուշադրության կարիքը չի զգացել, որովհետև քո համար այն մինչև այս  երբեք գոյություն չի ունեցել:
Այդ մտքերի` ինչ-որ մի տեղ գտնվելու ժառանգական ցանկությունը ծնում է այն գիտակցական իրականությունը, որտեղ հասարակ ու փողոցային միջադեպերը, փողոցային կյանքերը, փողոցային զրույցները փոխարինվում են նոր տիրույթում` մինչև այս եղած, բայց ոչ բոլորի կողմից իմացված ու ցանկացված աշխարհի զրույցների ու ապրելակերպի հետ, որտեղ ամենօրյա կյանքը ընկալվում է որպես արվեստ, իսկ արվեստը` միակ ապրելու ու զգալու միջոց:

խզբզող՝ նարէկ

4 комментария:

  1. "Ծառերը, դաշտերը բլուրները վերածնվում են նոր իմաստությամբ, իսկ դու` քեզ Տարկովսկի երևակայելով, փորձում ես էտ համընդհանուր կանաչի մեջ բեմադրական շարժեր ներկայացնել, սիմվոլներ տեղադրել այստեղ ու այնտեղ, մազերը խառնված մեկին կարգադրել, որ վազի պատուհանից այն կողմ թվացյալ անծայրածիրության մեջ, թավալվի գետնին, քսվի նոր թրջված կանաչին ու չդադարի ընթացքն դեպի այն կետի, որը գտնվում է շատ հեռվում` հազարավոր քաղաքներից, շենքերից, ծառերից ու մարդկանցից այն կողմ"
    Տարկովսկի,Էլիոթ,ռոք...հետաքրքիրա...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Խնդրեմ...սպասում եմ նոր «խզբզոցներ»-ի (:

      Удалить
    2. վաղը կամ մյուս օրը արդեն կավելացնեմ բլոգում :3

      Удалить