26 авг. 2016 г.

ափսոսանք

Ժամանակը նեխում է ու դուրս թափվում իմ աչքերից, լույսը կորցնում է իր ուժը, ընկնում ու ջարդուփշուր լինում:Շուրջս մոխրագույն է` մի փոքր կանաչ երանգով: Չկան լույսի աղբյուրներ, բայց շուրջս տեսանելի է, ինչ-որ բան ինչ-որ տեղ լուսավորում է տարածությանը ոչնչագույն լույսով:Զգում եմ մի հոտ, որը զգում ես փողոցում քայլելիս ինչ-որ մեկի վրայից զգալով իր օծանելիքի հոտը, որը ամեն կերպ փորձում ես հիշողությանդ մեջ վերականգնել թե ում է հիշեցնում այդ հոտը, բայց  այն այդպես էլ չի գալիս մտքիդ, ահա  այդ տեսակ մի հոտ էլ այստեղից էր գալիս, որ թվում էր թե ուր որ է կհասկանամ այստեղի իմաստը, այստեղի նշանակությունը, կատարվածն ու կատարվողը,կհասկանամ գաղտնիքը, բայց այդպես էլ դա չէր ստացվում ու ես միայն կարող էի քայլել ու նայել շուրջս:
Ես քայլում եմ, իսկ մյուսները նստած են կամ պարկած, բոլորը մերկ են, բայց դա ոչինչ ոչ մեկին չի ասում:Շարունակում եմ քայլել, զգում եմ, որ ինչ-որ մի բան այն չէ, բայց չեմ կարում հասկանալ թե ինչ, մտածում եմ նոր տարածությունն է պատճառը, բայց մի քանի րոպե հետո տապալվում եմ գետնին ու սկսում հազալ:Կյանքումս էտ ձև չեմ փորձել շնչել ու արտաշնչել, ամբողջ ուժս հավաքում էի ու քթովս փորձում օդը ներս քաշել, բայց էականորեն ոչինչ չէր փոխվում, ոչ բան կար շնչելու, ոչ էլ արտաշնչելու: Առաջին փոփոխություններից մեկը, որ սկսեցի զգալ`իմ շնչել չկարողանալն էր, այսինքն, ոչ թե չկարողանալը, այլ այստեղ առանց շնչելու էլ կարող ես ապրել, անպիտան բան է, ես շարունակում եմ քայլել ու շուրջս նայել կյանքում առաջին անգամ առանց շնչելու:Կողքս լիքն են մարդիկ, բոլորը միայնակ նստած ու ինչ-որ բանով զբաղված են:Սկսեց անձրև գալը, թվում էր ծանոթ երևույթ է, բայց ձայնը կար, իսկ անձրևի կաթիլները բացակայում էին:Մենք, ովքեր դեռևս քայլում էինք, շարունակեցինք գնալ առաջ, նստածները, որոնք թվում է արդեն ծանոթ էին տեղանքին, ոչ մի հետաքրքրություն չպարունակող հայացքով վեր ելան ու սկսեցին անկանոն շարժվել ու մի պահ հետո խումբ-խումբ տարբեր մասերում հավաքվեցին, մոտեցա նրանց, մի կին մյուսին ձեռքով նշան արեց, որ հետ գնա ու իմ համար էլ տեղ բացվի, երբ կանգնեցի այդտեղ անձրևի ձայնը վերացավ:Ժամանակ առ ժամանակ մեկը դուրս էր գալիս շրջանակից ու եթե վերադառնում էր ուրեմն դեռևս կար անձրևի ձայնը, մի քիչ հետո ամեն ինչ նորից դառավ նույնը, ամեն մեկը կարծես գրավեց իրեն հատկացված ծանոթ տեղը:Քայլում էի ու նայում նրանց` դեռևս ինձ անծանոթ զբաղմունքներին, որովհետև նրանց ձեռքերի մեջ չկար ոչինչ, բայց անընդհատ նրանց ձեռքերը այնպիսի իմաստավորությամբ էին շարժում` կարծես իրոք ինչ-որ մի բան կար դրանց մեջ, որը հետաքրքրություն էր առաջացնում:Միակ կռահելի շարժումը այն էր, երբ ցուցամատն ու միջնամատը մոտեցնում էին իրենց բերաններին, այդ ժամանակ հասկանում էի գաղտնիքը, որ պարզապես ծխախոտ էին ծխում, բայց մնացած շատ դեպքերում անհնար էր կռահելը:Նստեցի բաց կանաչ հողով պատված գետնին, լիքը մարդիկ կային նայելու համար:Կողքիս մարդը նայում էր ներքև ու ձեռքը ժամանակ առ ժամանակ շարժում էր, հետո նայում ներքև, երկար մտածում ու նորից շարունակում, հարցրի թե ինչ է անում, ասեց շախմատ եմ խաղում, ասեցի հասկանալի է, ոչինչ չպատասխանեց էլ:Էնքան համոզված ասեց, որ թվաց թե իրոք ես չեմ տեսնում շախմատի տախտակը, զինվորների, թագավոր-թագուհու շարժը, քարերի` տախտակի հպումից առաջացած ձայնը, էտ պահին հանկարծակի զգացի, որ աչքերս չեմ թարթում, նորից նոր խուճապ, չեմ շնչում,աչքերս չեմ թարթում, ու գիտակցել, որ դա խնդիր չէ ու ես  նոռմալ գոյատևում եմ, հետո սկսում եմ կասկածել գոյությանս, հարցեմ տալիս արդյոք գիտակցվածս մարմնով գոյություն ունեմ,բայց միակ պատասխանը ծխծաղս է սեփական հարցիս վրա:Նորից անցնում է ինչ-որ ժամանակ:Դժվար է ընդհանրապես այստեղ խոսել ժամանակի մասին, որովհետև չկան սլաքներ, արև, լուսին,գիշեր կամ ցերեկ, միակ չափման միավորը քիչ հեռու գտնվող սևամորթ տղան է, ով հասցրած կլիներ էտ ժամանակամիջոցում մի 60 անգամ 5 մետր հեռավորություն ունեցող մի կետից գնալ մյուսը, հասկանում եմ, որ այստեղ նաև դժվար է խոսել տարածության մասին, ըմբռնել այն, դժվարա է նաև այն նկարագրել, չկան քաղաքներ, չկան սահմաններ, չկան շենքեր, որ ոմանց տեղավորես պատուհաների մոտ, չկան սրճարաններ, որտեղ նրանց հավաքես սուրճի սեղանի շուրջ, չկան մարդկանցով լցված մեքենաներ, այգիներ, կա մենակ անորոշ երկար ձգվող միանման տարածություն, չկա ոչինչ, մենակ մարդիկ, ովքեր նստած են ու դեռևս անծանոթ բաներ անում: Մեկը ձեռքի մի բուռ ավազը տեղափոխում էր մյուս ձեռքի մեջ ու հետո հակառակը,չկարողացա ինձ զսպեմ, մոտեցա իրեն. 
-Ի՞նչ եք փորձում անել:
-Փորձում եմ նույն քանակությամբ ավազը լցնել ափիս մեջ, այնպես, որ ոչ մի հատիկ չթափվի գետնին,-առանց գլուխը վերև բարձրացնելու պատասխանեց նա:
-Իսկ, ո՞րն է դրա իմաստ, իսկ եթե այն երբեք ձեր մոտ չստացվի:
-Ահ, իմաստը այստեղ, որտեղ մենք ենք` ես, դու, նրանք, այստեղ մարդիկ իմաստներ չեն փնտրում, այլ իմաստներն են մարդկանց փնտրում, բայց մարդիկ այդպես էլ չեն գտնվում իրենց համար:
Առանց բառ ասելու հեռացա:Ուզեցի նորից մոտենամ ինչ-որ մեկին, բայց վախեցա, մարդիկ, զբաղմունքները, խոսքերը ինձ վախեցնում ու սեփական մարմնիս նկատմամբ ունեցած կարեկցանքս ավելի էին խորացնում, երբ սկսում էի գիտակցել, որ այստեղ բոլորն են այդպես ու շուտով ես էլ եմ դառնալու այդ բոլորից:
Անցավ երկար ժամանակ ու արդեն սովորականի համաձայն այս պահին էլ չհորինված թիվ անգամ նստածս տեղում 10 քար իրար կողք շարում եմ ու հետո սկսում հավաքել, կրկին շարել ու հավաքել, մի պահ օդը դարձավ սև գույն, ձայները լռեցին ու ես այլևս ոչինչ չեմ հիշում:Ամենաթարմը հիշողությանս մեջ մնաց վերջին զգացածս` ա փ ս ո ս ա ն ք:
խզբզող՝ նարէկ

1 комментарий:

  1. Ահ, իմաստը այստեղ, որտեղ մենք ենք` ես, դու, նրանք, այստեղ մարդիկ իմաստներ չեն փնտրում, այլ իմաստներն են մարդկանց փնտրում, բայց մարդիկ այդպես էլ չեն գտնվում իրենց համար..
    Էխ~խխ...

    ОтветитьУдалить