14 дек. 2016 г.

գիշերը չքնողների սենյակ

Արթնություն:Քուն:Արթնություն:Կուշանամ:Մի քիչ էլ, ու վերջ:Էսօր ամսի յոթն ա, ութին պիտի մտնեմ դեկանատ. կանչել են:Կորտասար էի վերցրել գրադարանից, վաղը պիտի հանձնեմ:Էսօր Սիային պիտի տենամ:Գործից հետո ի՞նչ կարելի ա անել:Վաղը անպայման դասի էլ նստեմ:Հա ճիշտ ա հիշեցի, էսօր ճարտարապետության պատմության վերաբերյալ հետաքրքիր իվենթ կար:Կգնամ:Ում հետ կարելիա գնալ:Երևի մենակ գնամ:Տենաս Սիան երեկ ամբողջ օրն ինչ ա արել:Հայկը ասել էր էսօր իբր պիտի տենանք իրար, խոսալու բան կար:Լավ, հավես չկա:Արդեն հլնեմ, տաս րոպե անցավ:Լավ, վերջ, աչքերդ բացի ու մի քանի վարկյան թող բաց մնա:Ա, մեկ ա չի օգնում:Հեռախոսս շոշափելով գտա, ընենց երգ միացրի, որ երաժշտությունը չթողի նորից քնեմ:Ուժ հավաքեցի:Կանգնեցի:Շորերս հագա:
Կանգառում սառն ա:Ուր ա շուտ գա, գնամ:Մարդիկ անծանոթավարի մեկ ու մեջ նայում են աչքերիս մեջ:Երևի ուռած կամ կարմրած ա:Ոչինչ:Կողքերս, դեմս, հետևս, ամենուր մարդիկ են, մարդիկ, շարժվող մարմիններ, ավտոբուսների ծուխ, սիգարետի ծուխ:Լիքը, լիքը, լիքը, աղմուկ:Ավտոբուսում առջևս նստած կինը բացել էր իր կողքի պատուհանը:Ստեղ էլ էր սառը:Հազում եմ:Երևի օրվա վերջ հարբուխ էլ կառաջանա:Երկու կանգառից կհասնեմ:Մեկը նստում ա կողքս, դեմքը ծանոթ ա, բայց չեմ էլ ուզում հիշեմ թե ով ա:Մի քանի պատկեր` մեջը ոչինչ չկա:Մտքերս խառնում եմ նորից, ստեղծում ազատ տարածք:Կարմիր լույս:Խանութի բացվող դուռ:Մրգի վաճառող, հեռախոսով խոսող  աղջիկ, ու լիքը ծուխ լիքը ծուխ, լիքը ծուխ:
Մենեջերը ասեց արագ փոխվի անցի գորրծի:Հանդերձարանից տհաճ հոտ էր գալիս:Դեռ չսկսած գործս, արդեն հոգնություն եմ զգում:Առաջին պատվերը` պիցա ու երկու կոլա:Դրսում երևի էլի ցուրտ ա:Ստեղ` չէ:Երկրորդ պատվերը երկու հատ տաք շոկոլադ:Հա փաստորեն մի քիչ առաջ ճիշտ էի:Դրսում շարունակում ա ցուրտը:Ծխում եմ, բերանիցս դուրս եկած սիգարետի ծխից բացի գոլորշի էլ ա դուրս գալիս:Երրորդ պատվերը`փանքեյք:Սիային պիտի զանգեմ:Անընդհատ Ռիլկեյի մտքերն ա գլխումս պտտվում:Ուզում եմ մոտենամ մի հատ սեղանի , նստեմ ազատ աթոռի վրա, նայեմ հաճախորդին, մտքերից մեկը բարձր ասեմ հաճախորդին ու սկսենք խոսել:Հետաքրքրվեմ տեսակետով:Մեկը հաշիվնա ուզում, իսկ ապակիներից էն կողմ կյանքը շարունակվում ա ոչ իմ կյանքի ձևով:Ժպտում են, անդադար շարժում բերանները:Պատի ժամի սլաքը հայացքիս տակ անըդնհատ շարժվումա:Մնաց 7 ժամ:4 ժամ 45 րոպե:20 րոպեից կվերջացնեմ:Նայում եմ դռանը ու սպասում,որ ոչ մի մարդ չմտնի:Ժամը 9-ին փոխարինողները եկան:Կանգառում եմ:Իվենթը փաստորեն բավական շուտ էր սկսել:Մտնում եմ տուն:Տանեցիները մի քանի հյուրերի հետ սեղանի շուրջ նստած են:Բարևում եմ:Սենյակում եմ:Հաջորդ օրը նորից վեր կաց:Էսօր գործի չեմ:Երեկ որոշել էի, որ էսօր անպայման դասի պիտի գնամ:Համ էլ դեկանատ պիտի մտնեմ:Մի պահ չեմ ուզում գնամ, բայց դե չէ, հետո հասկանում եմ, որ արդեն երկու շաբաթ ա դասի չեմ նստել:Դժվար ա մի տեսակ գնալ դասի մեր համալսարանում:Ամեն անգամ համալսարան մտնելը դիմադրողականության համար նոր փորձություն ա:Խամրած էս շենքը իրա վառ գույներով, շորիկավորների համար բավական լավ տեղ ա իրենց ինքնությունը հասկանալու, այնուհետև իրենց ցույց տալու, ինչպես նաև իրական գիտելիք ստանալու տեսլականը մատերի մեջ պտտեցնելու համար:Անկեղծ ասած, ստեղի մարդիկ ինձ չափազանց օտար են թվում:Իրենց օտարացած երեսները, օտարացած բառերը, ստիպում են ուղղակի մտնել լսարան, գտնել ամենավերջին նստարանը ու տեղավորվել` ականջ դնելով կամ դասախոսի անհասկանլի բառերին կամ ուսանողների բուֆետ գնալու տրամադրվածությանը:Ես ոչինչ չեմ հասկանում, ոչ դասախոսին, ոչ դասերը, ոչ ուսանողներին ոչ էլ իմ զբաղեցրած տեղը էս շենքում:Ուղղակի գալիս եմ:Բայց ինձ պետք չի:Ես ինչ-որ մի բանի կարիք ունեմ:Չգիտեմ ինչ եմ ուզում:Թվում ա ինչ ուզում եմ պատկերացովի ա, կամ էլ չհասկանալի:Ուզում եմ ուղղակի դուրս գամ` լսարանից, համալսարանից, քաղաքից, երկրից, մոլորակից:Լավ, շատ խորացա, իմ միակ հնարավորությունը հիմա ուղղակի լսարանից դուրս գալն ա:Դուրս եկա:Համալսարանի տղեքի զուգարանի մոտ ծխում են:Ես էլ կպա:Մի քանի հոգի բանակից  են խոսում:Մեկը ասում էր թե նոր ա պրծել:Պրծել:Կոֆեի ապառատի մոտ հերթ ա:Բուֆետում հերթ ա:Լսարանները` կիսադատարկ:Մինչև համալսարանից դուրս գալը զանգեցի Սիային:Գնացինք կրիշ:Սիան ասում ա, որ ոնց նկարածդ նկարը թղթի վրա կամ կտավի վրա ամբողջապես գնահատելու համար մի քանի քայլ հետ պիտի գնաս, որ հեռվից նայես,որպեսզի նկատես թերությունները ու գույնով ուղղես, տենց էլ քաղաքին ու մարդկանց պետք է բարձրից նայես, որ ավելի խորը ընկալես առաջարկված աշխարհի ինքնությունը փողոցներում, ու մարդաբոյերի արանքում եղած թերությունները:
Ինձ հարց եմ տալիս, թե արդյոք ինձ, քեզ, կամ էն մեկին, ով տառապում ա հազիվ փրկված 20-րդ դարից ու տեխնոլոգիական ցնորքներով կախարդված 21-րդ դարեցիներին հասու այսքան ժամանակ չեղած հիվանդությամբ, արդյոք մեզ, որոնց համար թվում է թե պետք է ոչ մի խնդիր չլիներ, որովհետև ավելի քան երբեև մեր շուրջը ստեղծվում են գործիքներ, որոնք թեթևացնում են մեր առօրյան, բայց մենք հիմա քարե դարի մի հասարակ մարդուց հավանաբար ավելի դժբախտ ենք` մեր շրջապատի ակնհայտ առավելություններով, առավել շատ պակասություն չենք զգում քան նախորդները:Միշտ կարծել եմ`մարդկությունը ծնված է երջանկության համար:Տարկովսկին չնայած ասում ա, թե ավելի մեծ բանի համար ենք ծնվել, քան երջանկությունը, ես չեմ հասկանա թե ինչ նկատի ուներ Անդրեյը, բայց որպես կենսաբանական արարած իմ զգայարանները ինձ հուշում են,որ վատ չէր լինի, եթե մենք մի տեսակ զգացում ունենայինք` կարծես մեզ ոչինչ չի պակասում:Հա ծնվեինք ու մեզ անծանոթ լիներ ներկայում մեր որովայնի մեջ լորձացած, քարացած լռությունը, որը ոչինչ չի արձագանքում:Ծնվեինք ու այդ լռությունը ձայնով լցնելու պարտականությունը մեր վրա դրված չլիներ:Երբ լինեինք գիտակից, երբեք չհասկանայինք էլ, որ այն կարա այնչափ լռի, ոնց մեր բոլորիս կյանքերում լռում ա հիմա:Հա մենք չհոգաինք դրա մասին, ինչպես հոգ չենք անում մեր շնչելու, աչք թարթելու,ծերանալու կամ մահանալու համար:Միթե չէր լինի:
-Ուղղակի Դավ, վատը էն ա, որ տարբերակ չկա  իրականությունը փոխելու, դու էտ գիտես, թե հիմա ովքեր են միայն հանգիստ ապրում:Իրենց համոզողները ու տառապագին ձևով իրենց խաղաղ համոզման հավաստիության վրա զոհաբերվողները,-ասում ա Սիան:
-Գիտես, ուղղակի ինչ եմ անում, ես գիտակցում եմ իմ պարտությունը:Գիտենալ, որ ոչինչ չես կարողանալու փոխել, սա գիտես թե ինչ է առաջացնում` ստեղծագործելու կարողություն:Եթե հնարածդ պիտանացու չի լինելու աշխարհի համար, մեր համընդհանուր եղելիության վրա, գոնե ինքդ քեզ համար  այլընտրանք կարող ես գտենել` փախուստի, կերպարանափոխության համար:
-Դավ, բայց դու միշտ ասում ես,որ պետք չի մարդիկ իրենց խաբեն:
-Չէ, չէ նայի, իմ էս ասածը իրա մեջ պարունակում ա էն դրույթը, որի մեջ ես հասկանում եմ, որ իմ արածը զուտ իմ համար ա, միայն ու միայն իմ, ես հասկանում եմ, որ զբաղված եմ մտախաբկանքով, որ այդտեղ չկա գոյություն, չկա իրականալու տարբերակ, որ սա միայն միջոց է` ապրելը փոխակերպելու, չտեսնելու, քանի որ տեսնելը թեև տալիս է ճշմարտություն, բայց չի ազատում մտատանջանքից:Իսկ այնտեղ չկա մտատանջանք, այնտեղ դու սկսում ես մի պահ դադարել քո մեջ լինել, որտեղ դու ժամանակ ու ազատություն ունես լինել համահեղինակ սեփական աշխարհի, որտեղ դու կտաս այն գույնը, որի կարիքն ունես, ստանաս այն պատկերը, որը քեզ կգոհացնի:
-Իսկ ինչ տեղ ա էտ Դավ:
-Մի օր կասեմ:
Քաղաքում փառահեղ անձրևի օրեր սկսվեց:Մարդիկ փակվեցին տաք ու գլխակավոր վերարկուների տակ:Անձրևը ու անսպասելի` աշնան ձմեռային ցուրտը, փոխեց մարդկանց տրամադրությունը, ցանկությունները, օրվա պլանը, հայացքները:Միայն քաղաքում քայլող հնդիկներն էին, ում ոչինչ չէր ասել:Նրանք շարունակում էին իրենց ամառային հագուկապով կյանքը:Փողոցում բոբիկ ոտքերին ամառային կոշիկ հագած հնդիկի հետ` ում ոտքերի միջով էին անցնում մայթի անձրևաջրի հոսքը, կանգնած սպասում էինք լուսացույցի կանաչ գույնին:Գաղափարները բացվում էին ներսս:Քայլեցի:Անձրևը չէր թողել, որպեսզի փողոցում շատ մարդ լիներ:Ուշադրություն շեղող գրեթե ոչինչ չէր կատարվում:Միայն մտածում էի` արդյոք Սիան հավանություն կտա, թե` ոչ:Երեկոյան սրճարանում հանդիպեցինք:
-Վերցու էս թուղթը: Պարեզեցի թուղթը Սիային, որի վրա մոտավոր գրված էր մտածածս:
-Էս ինչ ա Դավ,-ու սկսեց բարձրաձայն կարդալ գրվածը,- Ֆեյսբուքյան էջ:Գաղափար:Հրավեր:Մի քանի գաղափարակից:Մեր շենքի կրիշում փոքր սենյակ:Ամեն օր հանդիպում:Ու վերացում:
-Չես ուզում դու կռահես
-Չեմ հասկանում Դավ:
_Օքեյ, բացատրեմ:
Կես ժամվա ընթացքում կարողացա բացատրել ողջ մտադրությունս: Սիայի ոգևորությունը ու ծրագրին հավանություն տալը լավ տպավորություն գործեց ու հատկապես էն բառերը, որ երևի հենց այդպիսի մի բանի կարիք էլ ինքն է ունեցել:
Տանը մենակ եմ:Նստեցի համակարգչի առջև:Հավաքեցի գաղտնաբառս, մուտք գործեցի Ֆեյսբուք ու մի քանի րոպե անց պարաստ էր ֆեյսբուքյան էջը:
Էջի անունը.Գիշերը չքնողների սենյակ
Բովանդակությունը. Մենակ քո համար:Եթե դու էլ գիշերները չես քնում,եթե դու էլ չես հասկանում էսօրվա ու վաղվա տարբերությունը, եթե քո համար լավ երաժշտությունը ապրելու համար շարժառիթ ա, եթե Դանթեն, Ֆոլքները, Ջոյսը, Ռիլկեն, Կաֆկան, Քամյուն, Բուկովսկին, Կեռուակը, քեզ ծանոթ են, եթե արվեստի կտավները նայելուց ուզում ես իրանց անպայման կպնես, եթե այս ամենից այն կողմ կատարվողը քո համար միօրինակ ա ու միևնույն, ինչ-որ արվում է չբացատրվելու չափ տարօրինակ,քանի որ չափազանց շատ բան ա կատարվում, որոնց նայելով ցանկանում ես դառնալ գիտակցություն ու տեղավորվել  մարդկանց ներսում` հասկանալու իրենց մտադրության առաջանալու սկիզբը, ուրեմն արի մեր մոտ:Մենք չափազանց շատ բան ենք լսում` չհիասթափվելու համար, իսկ հիասթափությունը էս աշխարհում բուժելու տարբերակ չկա:Բայց մենք, ես, դու, էն մեկը` ով իր սենյակում նստած, նայում ա` թե ոնց չի շարժվում կակտուսը, ու ողջ միտքը կենտրոնացրել ա դրա վրա, ցանկություն ունի, նա ու մենք` ժամանակին հասկանալու համար:Մեզ տվել են ժամանակ, բայց մենք չգիտենք, թե ոնց զբաղվենք դրա հետ:Մենք գիտենք, որ պետք է ապրենք, բայց չգիտենք` թե ոնց:
Ամեն ինչ սկսվում է կախվել մեր երևակայության ու հասկացողության վրա, իսկ երևակայությունն էն վայրն է, որտեղ նա մեզ միշտ անծանոթ է թվում:Գուցեև միակ փրկությունը ընդեղ ա:Վերցրու երևակայությունդ ու արի լուծում գտնելու, արի ստեղծենք էն, ինչը երևակայության մեջ գեղեցիկ ա` չնայած իրա անիրական լինելուն:Ես ու Սիան կհավատանք դրան:
Ժամը 23:00
Ու մեր շենքի հասցեն:

Հաջորդ առավոտ արդեն վերապատրաստում էինք սենյակը, մաքրում ու պատերը լցնում` արդեն իմ կողմից մի քանի շաբաթ առաջ պատրաստած պլակատներով:
Հաջորդ օրը` առավոտը 8-ին, մի բաժակ սուրճ խմեցի ու դուրս եկա տանից:Նորից ցուրտ էր … մի քիչ էլ ու ձյուն կգար:Երկինքը սպիտակ ու մոխրագույնի խառնուրդ էր:Հեռվում` մառախուղ:Սիան կարմրած քթով եկավ:
-Շա՞տ ես մրսել:
-Մի քիչ:
-Արի կոֆե վերցնենք:
-Հա, հետ գալու լավ տարբերակ ա:
Ոչ հեռվում տաք կոֆեի պատրաստման տաղավար կար:Գնեցինք:
-Դավ, երեկ նայեցի մի քանի հոգի լայքել էին էջը, կարծում ես կհետաքրքրի՞:
-Անկեղծ ասած չեմ էլ ուզում շատ տարածվի:Մեզ մենակ էն մարդիկ էն պետք, ովքեր իրոք ուզում են, էն` ինչ մենք:
-Իսկ եթե մարդ չգա:
-Դե իմ համար դու կաս, քո համար` ես:Երկուսիս երևակայությունը կհերիքի ու կփոխլրացնի:
-Չվերջացրի՞ր, բարձրանանք:
Սիգարետս գցեցի:Բարձրացանք տանիք:Տանիքի սենյակը , որը մեր ընտանիքի համար որպես պահեստասենյակ էր ծառայում, ոչ մեծ սենյակ էր:Պատերը դատարկ էին ու սպիտակ:Մեջի հին իրերը նախորոք հավաքել էի սենյակի մեջ եղած դռով փոքր սենյակի մեջ:Սկսեցինք տնից բերած մի քանի մեծ բարձեր գցել գետնին:Սիան մարկերը վերցրեց ու պատերին մեր սիրած ֆիլմերից սկսեց տողեր գրելը: Օրվա վերջ միայն կոֆե ու սոկ պիտի առնեինք ու վերջ:Ամեն ինչ պատրաստ էր:Գետնին նստած անընդհատ թարմացնում էինք էջը, սակայն շարժ չկար:Էջը լայքել էինք ես, Սիան ու երկու հոգի:
-Դավ, իսկ եթե քո գրածներից մի բան գցես:Դե թող կարդան,հնարավորա տենց հետաքրքրվեն ու իմանան էջի ու մեր նպատակի մասին:
-Սպասի իջնեմ տանից բերեմ:Տանը` դարակում, լիքը գրոտած էջեր ունեի, վերցրի մի քանի հարմար բան ու բարձրացա վերև:Կարդալուց ու քննարկելուց հետո համատեղ խմբագրեցինք ու տպեցինք էջում:Մի քանի ժամ հետո հրապարակած նյութը մի քանի լայք հավաքեց:19:30-ի սահմաններում էվելինա անունով օգտատիրոջ կողմից նամակ ստացանք:Ստուգում էր էջի ու հայտարարության լրջությունն ու հավաստիությունը:Պատասխանեցինք:Ասաց երևի կգա:
Ժամը 21:30 իջանք խանութ մի քանի շիշ պիվա, սոկ, կոֆո առնելու:Երևի հավատում էինք,որ մարդ կգա:Նոթբուքը դինամիկին միացրել Բեթհովեն էինք լսում:
Ժամը 22:00-ի մոտակայքում նորից էջին նամակ ստացանք ու նորից նույն բովանդակությամբ:Երբ պարզվեց, որ չէ իրոք կատակ չենք անում, 20 րոպե անց ստացանք  երկրորդ նամակը, որտեղ գրել էին.Դե մենք ձեր տված հասցեի մուտքի մոտ ենք, եթե իրականում դուք կաք, դիմավորք:Իջանք:Կիսամթության մեջ ամեն կողմի վրա միայնակ կանգնած մարդիկ կային ու երկու զույգ:Երբ կանգնեցինք մուտքի մոտ, չգիտեի ոնց հասկանամ` ովքեր են մերոնք:Ոչ բարձր ձայնով ասեցի:
-Ովքեր են գիշերը չքնողները, բացի զույգերից մեկից, մնացածը հայացքները սևեռեցին մեր կողմ:Ծանոթացանք ու բարձրացանք վերև:Երբ հասանք դռան մոտ մյուսները մտան սենյակ, ես մինչև մտնելը  մարկերը վերցրի ու դրսի կողմից դռան աջ կողմի պատին գրեցի` գիշերը չքնողների սենյակ:Մտա ներս:
-Ժողովուրդ, կարաք արդեն նստեք, էս տոպարկների մեջ էլ խմելու բան կա:Վերցրի տոպրակները ու մոտեցրի իրենց:Մի քանի րոպե հետո բոլորս արդեն  գետնին նստած էինք: Մեր ականջները Մոցարտ էր լսում:Տեսնելու կադր էր:Չորսն էլ նրանք էին, ով ինձ պետք էր:Հայացքները գժվելու բան էր:Չնայած ոչ ես, ոչ էլ առավելևս իրենք այդքան էլ լավ չէինք հասկանում թե ինչ պետք ա լինի հետո, բայց մենակ էն,որ մենք  վեցով էս պատերի մեջտեղում, որտեղ Մոցարտի ձեռքի մի շարժը էս չափ տպավորություն էր թողում իրենց հայացքների վրա, որի ժամանակ չէին կարում զսպել իրենց մատերին, ովքեր երաժշտության ավարտից հետո առաջին անգամ կախված ոչ ծանր լռություն տակ դեռևս շարունակում էին օրերելով սեղմել իրենց մատերը, արդեն շատ բան էր հասկացնում:Չկային խստապահանջ հայացքներ:Կար թեթև ազատություն, հասկացվածություն:Հասկացա ,որ սենյակում գտնվողները իրար երկար փնտրել էին, իսկ հիմա `վերջապես գտել:Մեր մեջ գրեթե չէր եղել ոչինչ, ոչ մեծ խոսակցություն, ոչ մտերմություն, ոչ սեր, բայց մեր ունեցած նախորդ օրերի նմանությունն ու պահանջները շատ արագ մտերմացրել էր մեզ, օրերը, որոնք, համոզված եմ, բոլորիս մոտ ունեին մեկ նմանություն` դրանք պարզապես բաժանվում էին` գրադարան գնալու օր, կինո նայելու օր, անձրևի օր, ծանոթ էս մեկին հանդիպելու օր, գործի գնալու օր, էս ամեն ինչ-որ հասարակ երևույթներով պիտակավորված օրերի հետ մենք բոլորս քարշ էինք տվել մի զգացում, մի ինչ-որ անհասկանալի` գուցե դարերով եկած զգացումը` ինչ-որ մի բան պակասելու անհնարինությունը, որը փշի պես դուրս էր եկել մեր երեսին:Մենք էս հինգս, մեր սենյակում, կարծես կրում էինք էն մահացած բոլորին, ովքեր տառապել էին էն նույն զգացմամբ, ինչ մենք:Մենք կրում էին նրանց բոլորին ու տպավորություն կար, որ եթե մենք գտնեինք էտ լիության երևույթը` էս  12 հարկանի շենքի կտուրում, անպայմանորեն հանգստություն կպատճառեինք նրանց բոլորին:
Մեր սերունդի մոտ այն երևի ամենախորացվածն է, որովհետև երևի բացի մեզնից ոչ մեկ ավելի մոտիկ չի եղել էն զգացմանը, որ մենք վերջինն ենք` ում վերապահվածա զգալու իմաստը, զգալու ապրելու պատճառը, ապրելու` ապրել հասկացության նշանակությունը ըմբռնելու ու իր կատարած գործողության գիծը քաշելու և հայտարարում նշելու, առաջին ու վերջին անգամ փաստելու, որ ապրում ենք, քանի որ ապրելու տարբերակը մեզ դուր է գալիս, այլ ոչ թե, որովհետև ուղղակի այլ տարբերակ չունենք:Դուր գալը գրել խոշոր ու մգեցված տառերով, որպեսզի հասկացնենք, որ այն խորապես և ամբողջպես` ստեղծված իրավիճակում, մահանալու ու ուղղակի ապրելու միջակայքում լավագույն ալտերնտատիվն ա:Այն ինչ մենք պատրաստվում ենք այստեղ անել,մեզնից շատերին, ինչես նաև մեր նախորդ բոլոր թվացյալ վերջին սերունդներից և ոչ ոքի գուցե չհամոզի և դիտողին ուղղակի թվա` թե դա պարզապես մեր սեփական եսերին խափելու փորձ է:Մենք պայքարելու ենք ամեն օր արթնանալ, հեռու պահել մեզ էս կտուրից երևացող ներքևի կյանքից ու սպասլ ժամը 23:00-ին, որպեսզի հավաքվենք այստեղ` իրար կողքի, փակենք մեր աչքերը ու երազենք, երազենք ու մեր կոպերի ներսում տեսնենք էն ամեն սպասումն ու չեղածը, էն ամեն չբավարարվողի կատարումը, որը ունեցել են ներսներումս:Մենք ազատ ենք ամեն միտք տեսնելու ու այդ մտքի մեջ այնչափ ապրելու, որ իր գերադասությունը հաստատի այն ամենի վրա, ինչը ռեալ ա:Դուք հարց կտաք.Դուք համոզում եք Ձեզ, բայց դա արդեն էական չի, միևնույն է մենք գիտակցում ենք, որ այն կյանքում չենք կարող իրագործել, բայց մեկ ա այն մեզ դուր է գալիս:
 Հաջորդ մի քանի օրերը բավական իրար նման էին անցնում:Խնդիրը մեկն էր` ցանկանում էինք տեսնել,ովքեր են մերոնքական, իսկ ովքեր` ոչ: Բախ  էինք լսում, խոսում գրականության, փիլիսոփայության, քննարկում կարդացած գրքերը, վերլուծում, մեկնաբանում կարծիքները,ընթերցում պոտենրի գործեր ու մի ձև օրներս անցկացնում:Մոտ մեկ շաբաթ անցավ:Ամեն օր հավաքվում էինք:
Երկուշաբթի օրը ես ու Սիան հանդիպման ժամից մի ժամ շուտ էինք եկել:
-Դավ զանգել էի չէիր վերցնում
-Քնած էի,8 -ից քնած եմ եղել:
-Չէ իմ մոտ չստացվեց, 8-ին պարկեից մի 20 րոպե հետո նոր քնել եմ:Հա ու  աչքերիցդ երևում ա որ լավ քնել ես:
-Հա,չեմ բողոքում, սաղ գիշեր կպահի:Վաղն էլ գործի եմ:
-Ինչքան կմնանք:
-Դե ես երևի ստեղ կմնամ, կուզես դու էլ մնա:
-Լավ, վերջացնելուց հետո կզանգեմ տուն կհասկանամ` ինչ եմ անում:
Մի ժամից սենյակը լիքն էր:
Երբ բոլորը տեղավորվեցին սկսեցի.
-Ժողովուրդ, ժամանակն ա ինչ պատկերացրել եմ կիսվեմ ձեր հետ:Ստեղ յուրաքանչյուրդ ինչ-որ սպասումով կամ եթե կուզեք կասեմ երազանքով ա եկել:Իմ ու ձեր ցանկությունը կարծում եմ նույնն ա` կտրվել, մոռանալ, խամրացնել մեր առօրյա իրականությունը ու չգիտես ոնց` ստեղծել նորը ու մտնել դրա մեջ:Ես,որ համոզված չեմ թե սա լավագույն տարբերակնա, բայց ուզում եմ դրանով ձեր հետ կիսվել:Այն շատ ժամանակ` երբ դրսից փախել եմ ու մտել սենյակ, ինձ օգնել ա փրկվելու:
Ձանձրույթը ու գաղջը դրա առաջացման ամենամեծ աղբյուրն են եղել:Մտել եմ սենյակ,տեղավորվել մի տեղ, ու աչքերս փակել:Իսկ երբ փակել եմ աչքերս, ընդեղ ինչ-որ բան կատարվել ա,դա կամ երազի նման մի բան ա եղել կամ երևակայությանս պռոդուկտը:Ես  փակել եմ աչքերս ու ներսում պատկերներ եմ ստեղծել, առարկաներին նոր գույն տվել,վերացրել թվականներն ու հատուկ անունները, այրել շատ խանգարիչներ ու ծնունդ տվել այնպիսի մի բանի, որը այստեղ չկա, իսկ ընդեղ հնարավոր ա:
Ես մոլորակներ եմ առգրավվել, հայացքներ, տեսիլքներ, ցնորնքեր կուտակել այնտեղ  ու ժամերս անցկացրել նրանց հետ: Այսպիսով ես գտա մի բան, որը դարձավ իմ ալտերնատիվը:Գտնելով ու կանչելով ձեզ, ես ուզում եմ ծանոթանալ ձեր ազատության, ձեր համահեղինակային աշխարհների հետ, որպեսզի դուք ու ես զարմանանք մեր ստեղծագործ լինելու վրա, մեզ ինքներս մեր պատերից ազատելու վրա ու մենք հնարավորություն ունենանք տեղափոխվել ու ապրել այնտեղ:Ուզում եմ ստեղծագործենք մեր իսկ երազած աշխարհը:
Խորը շունչ քաշելու ու արտաշնչելու ժամանակն էր:Բոլորին թվում է գաղափարը դուր եկավ:Հաջորդ իսկ օրվանից մենք սկսեցինք անել այն, ինչ թվում էր միշտ ուզեցել էինք անել:Սա հիանալի տարբերակ էր ամեն մեկի տիեզերքում կատարվողի հետ ծանոթանալու ու ընդեղ րոպե անկացնելու համար:Ամեն օր սկսեցինք ուղևորվել մեկի աշխարհ:Մենք 5 էինք`ես, Սիան, Դեյվը, Սառան, Վիկան:
Օրերից մեկը Սիայի աշխարհ գնալու օրն էր:
Սիայի տիեզերքում ամեն ինչ գրեթե կանաչ էր, միայն մանուշակագույն էր հողն ու երկինքը:Մարդիկ գիշերում էին բաց երկնքի տակ:Ամեն ինչ ու ամեն ուր բնություն էր:Երկու լճերից մեկը, որին կոչել էր Նեպտուն, իր մոլորակի ամենասիրելի տեղերից մեկն էր, ջուրը Մոնեի կանաչ գույնն ուներ:Ջրի մեջից ելևեջներ էին պղպջակների պես դուրս ցայտում,երաժշտություններ, որոնք դեռևս մոլորակի վրա չէին ծնվել ու լսվել:Երբ բոլորս մեր մերկությունը ծածկում էինք չափազանց պարզ ջրով Սիան հրահանգ էր տալիս երաժշտությանը ու էտ պահին մեր ականջներին էր հասնում այն երաժշտությունը, որը յուրաքանչյուրիս համար երաժշտության ձևի ու չափի լավագույն տարբերակն էր:Մեր ծածկված մարմիններից դուրս էր գալիս մեր շունչը, բարձրանում վերև` մանուշակագույն մառախուղը կուլ տալու:Մենք թափանցիկ էինք դառնում լի մեղեդիներով ու մանուշակագույն ստվերով:Մեր շունչը պտտվում էր ողջ տարածությամբ ու վերադառնում ետ`նոր չտեսնված պատկերներին մեզ հաղորդակից դարձնելով:Կանաչ աշխարհում մեզնից թարմ կանաչի հոտ էր գալիս, իսկ բառերը, որ մենք դուրս էինք հանում մեր շուրթերից, կարծես տերևներով էր կապկպված:Ստեղ պետք է ոտք դնեինք, երբ լույս արձակող փոքր փաթիլները չեն դադարել թափվել կանաչ մոլորակի վրա, որպեսզի Սիայի ծանոթացրած կանաչը մենք լիարժեք նկատեինք:

Դեյվի աշխարհը մոխրագույն էր:Ամայի տարածություն:Վառված խոտեր, որոնցից խունկի հոտ էր գալիս, իսկ հորիզոնում մթնող տարածություն:Որտեղ մենք էինք հավաքվում, կար մեր թվով երկաթե անկողիններ, որոնց վրա պարկելուց մենք չէինք զգում մեր կշիռը, անլսելի էր սրտի աշխատանքն ու ձայնը, շնչառությունը, կարծես ոչինչ  չէր շարժվում,  միայն պատկերներն էին պտտվում մեր հայացքի շարժի տակ:Այստեղ չկար հոգնություն:Միայն անդորր, որտեղ ոչ ոք չէր խոսում, չէր մտածում:Այստեղ հավաքվել ու լռելը միակ լռությունն էր, որ ոչ թե թեմա չլինելու պատճառով առաջացած տհաճ անհարմարությունն էր,այլ ասելիքի օվկիանոս:Զգացողություն կար, որ ինչ-որ մի բան, որը երբեք չէինք կարողացել բացատրել մեկս մյուսին, այստեղ լռում էինք, իսկ դա մեր զարկերակների միջից դուրս էր գալիս, գնում հասկացվում կողքինի հետ:

Սառայի աշխարհը մի սենյակ էր, որի երկու պատուհանները նայում էին տիեզերքի կենտրոնին:Սենյակի կենտրոնում սեղան էր դրված` վրան քառակուսի մի տուփ:Նայելով սեղանի շուրջ, Սառան բացում էր տուփը, որից դեղին լույս էր դուրս գալիս:Դա ժամանակի ու տարածության ցանկալի մեքենան էր:Մենք դրանով հնարավորություն էինք ունենում ճանապարհորդելու ուր ասես:Մեր ճանապարահորդությունը չափազանց գրավիչ էր:Մեր երազած փողոցները, թանգարանները, կամուրջները ու շենքերն ամբողջությամբ մեզ էի պատկանում:Այդ տուփը հնարավորություն էլ տալիս գնալու անցյալ, նայելու ու մաս լինելու այնպիսի դրվագների ու իրադարձությունների, որոնց մասին ծանոթ ենք պատմության գրքերի ու ֆիլմերի միջոցով:Զիլ էր գնալ ու տեսնել պարտության մատնված Նապոլեոնի հայացքը,33թ. Լինել Երուսաղեմում,կանգնել Հիտլերի կողքին, երբ մինչև իքնասպան լինելը դուրս էր եկել ավերված քաղաքը նայելու,նայել Կոլումբոսի աչքերի մեջ, երբ նայեց  Ամերիկային, տեսնել Միքելանջելոյի հայացքը, երբ վերջացրեց Դավիթը,կամ լիել այն մարդու կողքին, ով սպանեց Լինքոլին:

Վիկայի աշխարհում տեղավորված էր աշխարհի վրա եղած բոլոր գրքերը պարունակող սենյակում:Մեծ տարածք էր` անվերջ երկարող  պատերի վրա տեղավորված լի գրքերով, որոնք շարված էին հատակից մինչև առաստաղ:Սենյակի առավելությունը այն էր, որ Վիկան հանում էր մի գիրք ու մենք մտնում էինք այդ գրքի թեմայի,իրադարձության մեջ ու դառնում գործող անձ:Մենք` խմբով: Մենք կարողանում էինք հանել հերոսներին գրքերից ու տանել այլ տիրույթներ, ինչպես նաև  փոխել գրքերի վերջաբանը մեր որոշակի իրադարձության մեջ լինելու շնորհիվ, սա էլ հետաքրքիր մարտահրավեր էր բոլորիս համար:Մենք քայլում էինք Դանթեի Աստվածային կատակերգության միջով:Անցնում նրա ճանապարհներով,քայլում անհարմար աստիճաններով, անտարբերության քավարանով, լինում կրակե լճերում:Զրուցեցինք Մեֆիստոֆելի հետ:Խմեցինք Բուկովսկու հետ:Օրեր անկացրինք բիտնիկների` Կերուակի, Բերոուզի, Գինսբերիգի հետ` Բիթլզ լսելով:Սրճեցինք Սարտրի հետ:Նույն սենյակում էր նաև Սելինը:Վերջապես խմեցինք կալվադոս:Սկսեցինք ներգրավվել մարտական ակումբի մեջ:Ես էլ առիթը բաց չթողեցի սիրահարվելու Մառլային:Ինքն էնքան վեհ էր, որ երանի էի տալիս այն հնարավորությանը, որ ինձ թույլ կտար իրեն գրքից հանել ու մտցնել իրականության մեջ:Տեսանք Պոյի հերոսների ապրումները, եղանք այն սենյակում, որտեղ Վիտկոպի Դիասերը սեքսով էր զբաղվում իր սիրո օբյեկտի հետ:Պայքարերցինք Բրդեբերիի հերոսի հետ գրքերը չայրելու և Օրուելի հերոսի հետ`մեծ մարդու դեմ:
Ու ամեն անգամ սա ֆանտաստիկ հաճույք էր, որովհետև էնքան շատ էին գրքերը և էնքան շատ զգացողությունները,որոնք երբեք չէինք զգացել:
Իմ աշխարհում մի քիչ անսովոր էր երկար մնալը:Այստեղ չգոյություն էր:Այստեղ չկային սեռեր, մարդկություն ու իրավիճակներ, այստեղ տեղի չէր ունենեում և չէր էլ ունեցել:Սա չտարածություն էր ,չեղելություն:Այստեղ չկար գիտակցություն ու տեսողություն , հիշողություն ու պահանջ:Սա ոչնչի տարածքն էր:Սակայն անգամ ընկալում չկար տարածության:Տարածությունը զուտ անհասկանալի բառ էր, ոնց մյուս բառերը:Այստեղ ոչինչ ստեղծված չէր, և չէր էլ ստեղծվելու:Այստեղ սկիզբն էր,զրոն էր, կետն էր:Այստեղ չկար աշխարհ և չէր էր լինելու:Այստեղ չկար պատկեր, միտք, մտադրություն:Սա չառաջացում էր:Մարդկային ոգուն անհասու վայր:Այստեղ անգամ անհնար էր լիարժեք զգալ այս ամենը:Միայն մինչև գնալն էր հասու, թե ինչ կա ընդեղ:Սա մի տարածք էր, որը դատապարտված էր անըդնհատ ոչնչի կատրմամբ:Կար ակնհայտորեն մի բան`մենք այստեղ չենք եղել, չենք լինելու և չկանք:
Դա մեզ կամ հաճույք էր պատճառում կամ սարսափ:Սա մոացում էր:
Ամեն անգամ այսպես հավաքվելով, ամեն օր ըստ պահանջի մի տեղ ուղևորվում էինք, քանի որ այլ ելք չունեինք:Եթե աշխարհում կա 7 միլիարդ մարդ, որոնցից նվազագույնը 5 միլիարդը ամենայն հավանականությամբ չի հանդուրժում իր ծնունդը և ցանկանում է մահանալ, բայց ինքասպան  չի լինում, ուրեմն այստեղ մի փոքր հանգամանք կա,որը պետք է հաշվի առնել, ուրեմն նա ուզում է մնալ և էտ մնալը ինչ-որ ձևով իր աչքի առջև արդարացնել, դրա համար ցանկանում է զբաղվել ինչ-որ բանով,չի ցանկանում հերոսանալ,այլ ինչ-որ իրեն դուր եկող մի բանով զբաղվել, չի ցանկանում հերոսանալ, որովհետև աշխարհում հերսանալու խնդիր չկա, հերոսությունը միայն մահիցդ հետո անուն ազգանունդդ ա թողելու դպրոցների, փողոցների, սրճարանների ու այլ հաստատությունների` քո անունով իրենց կոչելու համար և ուրիշ ոչինչ:Մենք չենք ուզում դա, մենք պարզապես ուզում ենք լիարժեք ապրել և դրա համար ապրելու ու մեր բառերը զազրախոսության չվերածելու համար  զբաղվում ենք սրանով:

խզբզող՝ նարէկ

Комментариев нет:

Отправить комментарий