4 апр. 2018 г.

մի տխրի

Դու մի տխրիր, մի երկմտիր, գծավոր բարձիդ երեսին մի շռայլիր քո արցունքները:Այո, մեր ծնունդը նման էր մի պատանու արկածախնդրությանը, ով հավաքելով իր տան կողքին ընկած փայտերը, մի օր որոշեց լաստ կառուցել ու դուրս գալ ծով` իր կղզին գտնելու համար:
Ես լռում եմ:
Լռում եմ:
Լռում եմ:
Ես կգտնեմ քեզ, ոնց ամպերը անծայր երկնքում գտնում ու փարվում են իրար` հենց մեր շենքի վերևում, չտխրես, ես կգտնեմ քեզ, ինչպես անձրևն է մի ամբողջ տարածք կիսելով հասնում իր փոսի մոտ` որ լցվի:Մենք կգտնենք իրար ուրբաթ երեկոյան, որ մեկ գիշեր ու երկու ամբողջ օր ունենանք` երիկամներով փոխանակվելու, շալվարիս գրպանը կարելու, մի մտածիր, ես կգտնեմ քեզ, կամ դու` ինձ, կնստենք իրար կողք, մեր մազերը կլինեն չսանրված` մեր մտքերի պես չկաշկանդված, ու ես քեզ կպատմեմ, թե ոնց եմ վախենում, երբ փողոցում կողքովս շուն կամ կատու է անցնում, ու դու ինձ չես նայի թույլի աչքերով, ես կպատմեմ իմ` ամեն օր գիշերը տուն գնալուց ու շենքի մուտք մտնելուց աջ ու ձախ կողմերը նայելու սովորության մասին, որը անում եմ ամեն անգամ դռան ետևում ինչ-որ մեկին գտնելու միտումով, ու դու չես ծիծաղի: Ես կպատմեմ իմ մղձավանջների մասին, թե ոնց են սենյակիս վարագույրի բնական ծալքերը գիշերները օձ դառնում ու գալարվում դեպի ինձ, թե ոնց է ականջիս տակ ժամը երեքին մի շնչառություն անընդհատ խանգարում ինձ, այն ձայնի մասին, որը անընդհատ հետապնդում է ինձ ու դու կհասկանաս: Ես կպատմեմ քեզ իմ հիվանդությունների մասին` իմ մեջքի ցավերի, սրտի խփոցների, մազերիս մեջ սպիտակներ հայտնվելու մասին ու դու ինձ խղճահարության աչքերով չես նայի: Մենք կնստենք իրար կողք կողքի` լռիվ մերկացած, ու մեզ թույլ կտանք արտասվել, հետո հատ առ հատ կհավաքենք մեր արցունքները, դու`իմ, ես`քո, ես քո արցունքները կուլ կտամ, իսկ դու իմ արցունքենրից ապարանջան կսարքես ու կսկսես կրել այն: Կպարկենք գետնին ու անտաղանդ ձայնով երգեր կերգենք, բառերը անգամ չիմանալով ու կիսատ –պռատ բառեր արտասանելով: Հետո Պիաֆ կլսենք ու ես կխոստովանեմ, որ երբեմն վախենում եմ դժոխղքից ու դու ինձ չես հեգնի:
Ես չեմ գտնի:
Չեմ գտնի:
Գտնի:
Եթե գտնեմ, անպայման իմ երակեներում կհոսի քո անունը, մտքերումս քո արտաքինի պլանտացիաններ կլինեն, օրը մի հազար անգամ մտքումս քո անունը կտամ ու դա ինձ ժպիտ կպարգևի: Երբ գտնեմ քեզ, թվում է կկրճատվի սպանության փորձ կատարողների թիվը, ինքնասպանության դեպքերը, աղքատության, սովամահության, հիվանդությունների թիվը կկրճատվի, դե առնվազն երկուսով: Բայց արդյոք այս պատից կախված քարտեզի վրա մայրուղիները այնպես են կառուցված, արդյոք այդ օրը մենք երկսուվ նույն ժամին կարթնանաք զարթուցիչից, արդյոք այդ օրը ուժեղ քամի չի լինի և մեզնից մեկը ստիպված չի մնա տանը` լսելով հեռուստացույցի զգուշության կոչերին, կամ արդյոք փողոցի այն հատվածը, որտեղ որ մենք պետք է հանդիպենք, արդյոք այդ օրը չափազանց մարդաշատ չի լինի, որպեսզի մենք հանդիպենք:
Բայց լավ, արի չընկճվենք, եթե անգամ մայրուղիները սխալ են կառուցված, ուժեղ քամի կլինի ու մենք տանից դուրս չենք գա,ես կարթնանամ յոթին, դու` տասնմեկին, ու փողոցում, որտեղ պիտի հանդիպենք այդ օրը մարդաշատ ցույց կլինի, ոչինչ, մենք մի նշան կորոշենք` հույսներս այս մեկից կտրած` հաջորդ կյանքին սպասելով: Արի որոշենք ու ամբողջ ազատ ժամանակ այնքան կրկնենք մտքներումս, որ գուցե ռեֆլեքսը հաջորդ կյանքում հիշացնի այս բառերի ու պատկերների մասին: Արի որոշենք , որ եթե դու մի օր շատ հեռախոսի համարներ տեսնես տան մուտքերի մոտ կպցրած, ծառերի, շենքերի պատերի, կանգառների, սրճարանում մոխրամանի մեջ ճմրթաց թղթի վրա, դա ես կլինեմ: Կամ եթե շատ հանկարծակի մենք Փարիզում ծնվենք ու դու ամեն օր սովորության համաձայն քայլես Հաղթական կամարի մոտով ու մի սև, մեծ, լայնեզր գլխարկով մեկին տեսնես, ով անընդհատ քո դիմացն է հայտնվում, դա էլ մտապահիր, նորից ես եմ լինելու: Բայց եթե ոչ մեկ իրականություն չդառնա, ապա ամեն անգամ նոր քաղաք գնալով, ծանոթացիր նրանց գերեզմանների տապանաքարերի հետ, կարդա բոլորի անուն ազգանունները ու երբ մի տապանքարի մոտ մի օր մի քիչ երկար մնաս, ուրեմն դա հենց իմը կլինի, մի փոքր ցավացրու քեզ, մարմնիցդ մի քանի կաթիլ արյուն կաթեցրու հողի վրա ու հեռացիր:

Комментариев нет:

Отправить комментарий